ՀՀ տնտեսավարական միտքը, ինչքանով որ այն կա, հաճախ է երկրում տեղի ունեցող այս կամ այն գործընթացը հերթական հաջողություն որակում, մոռացության տալով, որ արդեն որերորդ տարին մեկ հայաստանցու հաշվով բյուջեի ծախսը ոչ պատվաբեր 600-700 դոլարից չի անցնում: ՀՀ քաղաքացիս, ով նույնպես մտահոգ է մեր տնտեսության վիճակով, օգտվելով ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2015» տեղեկատուից, հետևյալն արձանագրեց. Կոնգոյի Հանրապետությունում նշված ցուցանիշը 1000 դոլար է, Ալբանիայում՝ 1300 դոլար, Բոտսվանայում` 2500 դոլար, երբեմնի խորհրդային Էստոնիայում՝ 7000 դոլար, նավթ ու ծովափ չունեցող Ավստրիայում՝ 43000 դոլար: Եվ հարցը՝ թե ինչպես է դա հնարավոր, արդեն քառորդ դար հայաստանաբնակներիս մտորումների ու մտահոգությունների թիվ մեկ խնդիրն է դարձել: Վստահ, որ մեզ հետ կատարվող ամեն բան մեր իսկ շրջապատում է տեղի ունենում, մեր տեսադաշտում են արդեն հարուստներ համարվող երեկվա հարևան-բարեկամներն ու աղքատությունը հաղթահարելուց անզորացած ծանոթ-հարազատները, այսուհանդերձ, շատ հարցեր օդում կախված են մնում: Ասենք, ինչքա՞ն են տեղին մեր այն գործարար հայրենակիցների պնդումները, թե իրենց գործունեությունը միայն ֆինանսական խնդիրներ է հարուցում, և իրենք պարզապես աղքատների շարքերում են, կամ այն փաստարկումները, թե գների հերթական բարձրացումը իրենց ոչ թե գերհարուստ կդարձնի, այլ ընդամենը կփրկի ոլորտը, ինչը, ըստ նրանց, նույնն է, թե կփրկի երկիրը: Մեր մտահոգությունը ամենևին էլ կուտակած առաջին միլիոն դոլարին չի վերաբերում, որի արժեքով հարյուրավոր առանձնատներ են կառուցվում հազարավոր անտունների հայացքների ներքո: Այս կերպ Հայաստան երկրում հաստատվում է մի կարգավիճակ, երբ պետություն ասվածի գրեթե բոլոր ոլորտներում տեր ու տնօրինություն են անում մեր հարևանությամբ ի հայտ եկած աղքատ հարուստներն ասենք, թե հարուստ աղքատները: Ասվածը պարզապես բառախաղ չէ, այլ հայաստանյան իրողություն, որը կուզեք զավեշտ համարեք, կուզեք տխուր պարտադրանք, միայն թե ոչ գեների դրսևորում, քանզի նաև նման մոտեցում կա: Հասնում ենք նրան, որ անգամ երկիրն է աղքատ որակվում, հիմնավորումներն էլ՝ սակավահող ենք, նավթ ու գազ չունենք, ծովերից էլ հեռու, հարևաններն էլ… Այս ամենն ուղղվում ու ծառայեցվում է մեկ նպատակի` Աստծուց մեզ բաժին հասած երբեմնի դրախտավայր որակված տարածքն իմա քարաստան է, այստեղ գոյատևելն անգամ անհնարին է, այնպես որ, եղունգ ունես` գլուխդ քորիր, որտեղ հաց, էնտեղ կաց խոսքերով առաջնորդվիր, ինքդ քո հարցերը լուծիր:
Թե երբ սկսվեց այս վիճակը դուր գալ հայ իշխանավորին ու իշխանությանը, երբ դիրքորոշումից գաղափարախոսության վերածվեց, դժվար է ասել: Փոխարենը հիմնավորապես կարելի է պնդել, որ երկրի այսօրվա կառավարիչներն էլ էական ու արմատական քայլեր չեն ձեռնարկում գործընթացը դանդաղեցնելու ու կանգնեցնելու, ինչու չէ, նաև շրջադարձելու ուղղությամբ: Կարծես երեկ էր, երբ ՀՀ գործարար միջավայրի ուղևորափոխադրումներ իրականացնող ներկայացուցիչները հանրությանն իրենց շուրջ կազմավորված կարգավիճակից էապես տարբերվող մեկ այլ կարգավիճակով ներկայացան. իրենց բիզնեսը, գծատիրությունը պատվաբեր, սակայն շահույթ չերաշխավորող ոլորտ է, անվերջ վնասներով են աշխատում, ոչ միայն վերցրած վարկերը չեն կարողանում փակել, այլև գրավադրված են իրենց շարժական ու անշարժ գույքը, անգամ հարազատ-բարեկամների արդուզարդը, այնպես որ, ոլորտը փրկելու համար հարկավոր է ուղեվարձը նվազագույնը 200 դրամ սահմանել: Եվ սա ասվում էր այն պարագայում, երբ վարորդներն ուղևորներիս հետ հազվադեպ զրույցների ընթացքում մշտապես էին նշում գծատերերին օրվա աշխատածի արդյունքից 15000 դրամ տալու փաստի մասին, հավելելով իրենց կատարած ընթացիկ ծախսերը: Հանրությունն իր աչքերի ու ականջների տիրույթում գտնվող վիճակը նման ձևով մատուցելն այնքան անհեթեթ համարեց, որ այն անգամ քննարկման չարժանացրեց, թեև որոշ մասնագետներ նշում էին ուղևորափոխադրման սակագնի նվազեցման հնարավորությունները: Հանրային ճնշման ներքո գործընթացը սառեցվեց, թերևս, միայն Երևանի քաղաքապետարանն է շարունակում հակառակը պնդել, քաղաքապետարան, որտեղ շարքային երևանցիների համոզմամբ, պաշտոնավարում են գծատերերից ոմանք ու նրանց հարազատները: Բոլորում է երկրորդ տարին, իսկ նրանցից որևէ մեկի սնանկության մասին անգամ ակնարկ չկա, գծերից հրաժարում` նույնպես, այնպես որ «աղքա՞տ են արդյոք մեզանում ուղևորափոխադրումներ կազմակերպող գործարարները» հարցը հանրությունը միանշանակ մերժում է, իսկ իշխանությունը երկիմաստ մտմտում, այդպես էլ չփորձելով պատասխանել, թե ուր են գնում յուրաքանչյուր հերթափոխի ավարտին վարորդների վճարած 15-հազարական դրամները:
Անգամ մեն-միակ նման երևույթը բավական է, որ մարդիկ այն բացասաբար դիտարկեն ու գնահատեն: Ժողովուրդն այն բնութագրում է «մրից ելանք, մրջուրն ընկանք» խոսքերով, թեև առավել կոպիտ արտահայտություններ էլ կան: Նման երևույթ է հանրությանը պատուհասած ՀԷՑ-երի հերթական առաջարկը` 1 կՎտ.ժամի սակագինը ամբողջ 40 տոկոսով բարձրացնելու մասին: Նման անհեթեթ ցանկություն, թերևս, չէր ծագի, եթե, ասենք, ՀԷՑ-ը երկրի հիդրոէլեկտրակայաններից գնված կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի դիմաց միասնական գին վճարեր, ինչպես Որոտանի հիդրոհամալիրի պարագայում է` 7 դրամ: Պարզվում է՝ փոքր հէկերի համար, որոնք արդեն մոտ 150 են, գնման գինը 22 դրամ է, այն սահմանել է հարկատուներիս միջոցներով պահվող հանրահայտ սակագնային հանձնաժողովը: Դե եկ ու մի տարակուսիր, ինչ է թե՝ խրախուսում են ներդրումները, ասել է թե՝ մարդկանց, ովքեր կարողանում են 100-միլիոնավոր դրամների ծախսեր իրականացնել, փոքր հէկեր կառուցել: Տարօրինակ մի փաստի ենք հանդիպում ՀՀ էներգետիկ վիճակագրության 1993 թվականի տվյալներին ծանոթանալիս: Սևանից էլեկտրաէներգետիկ նպատակով ջրի թողքը կազմել է 1,6 մլրդ խմ, Սևան-Հրազդան հիդրոհամալիրում էլեկտրաէներգիայի արտադրությունը` 4,8 մլրդ կՎտ.ժամ: Ստացվում է 1 խմ-ի դիմաց 3 կՎտ.ժամ էլեկտրաարտադրություն, որը նույնպես ցածր սակագնի երաշխիք է: Արդյո՞ք մեր օրերում նման ցուցանիշ արձանագրվում է հիդրոհամալիրի սեփականատեր դարձած ռուսական ընկերության կողմից: Կասկածն առնչվում է ՀԷՑ-ի գործունեության անհեթեթությունների շղթային:
ՀՀ շարքային քաղաքացին ի՞նչ անուն տա պարբերաբար արձանագրվող այս վիճակին, իր շարունակական աղքատացմանը, մեղմ ասած` հետընթացին, մարդ-արարածի մեր տեսակին պատիվ չբերող կարգավիճակին: Անգամ ՀՀ իշխանական կառույց ազգային վիճակագրական ծառայությունն ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն են իրենց համատեղ ուսումնասիրության մեջ նշում, որ մեր սննդակարգը շարունակում է մնալ պարզունակ ու միատարր՝ կենդանական ծագման մթերքների նվազ պարունակությամբ: Երբ երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մեկ բաժակ կաթի ու 1 ձվի սպառման խնդիր ունի, չխոսելով սովորական պանրի ու մսի հանդեպ ակնածանքից, պարզապես մարդավայել չէ հերթական անգամ նրա դրամապանակը քրքրել, ինչ է թե վերջին մետաղադրամը վերցնես: Այս մասին էլեկտրաէներգիայի առումով արդեն հայտարարեց երկրի թիվ երկու պաշտոնյան` թանկացում կլինի, և դրա հետ պետք է հաշտվել:
Շարքային քաղաքացիներս, անշուշտ, տեղին վրդովվում ենք, շարունակելու ենք դժգոհել, բողոքել, զայրանալ, կուտակված ցասումն արտահայտելու նոր ձևեր ու միջոցներ փնտրել: Հայաստանաբնակներիս բացարձակ մեծամասնության նման պահվածքը հիմնականում համարժեք է իրավիճակին, թեև ունենք նաև տարօրինակ այլ դրսևորումներ: Ասենք, երբ ռուսական հեռուներից սահման հասցված գազը մեզ կրկնակիով են վաճառում, տարակուսում ենք, իսկ երբ ՀՀ քաղաքամերձ գյուղական համայնքներից գնված կաթն են եռակի թանկ վաճառում, ինչ-որ անտարբեր ենք։ Սա բացատրվում է կաթի արտադրության սեզոնայնությամբ, որն աշխարհը վաղուց է հաղթահարել: Մեր առօրյան լի է համանման օրինակներով, երբ տեղական արտադրանքը փոխարինվում է ներմուծումներով, ինչպես, օրինակ, իսրայելական ստեպղինի պարագայում, որը վաճառվում է 800 դրամով: Մի խոսքով, ո՞ր մեկն ասես, որը թողնես: Այսպես էլ ապրում ենք:
Մտորումներս ավարտեմ ընդամենը մեկ զուգահեռով. 40 տարի առաջ Բոտսվանայի բնակչությունը 600 հազար էր, հիմա` 2,2 մլն, Հայաստանինը` 2,5 մլն և... այսօրվա թիվը դուք ընտրեք:
Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ